Գլխավոր Ավելին

Էպիլեպսիայի միջազգային օր․ պրոֆեսոր Ալին Հերլոպյանը՝ համալսարանական հիվանդանոցում

Փետրվարի 9-ին՝ Էպիլեպսիայի միջազգային օրվան ընդառաջ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նյարդաբան Սոֆիյա Խաչատուրյանի հրավերով հյուրընկալվել է Եյլի համալսարանի (ԱՄՆ) բժշկական դպրոցի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Ալին Հերլոպյանը, ով մասնագիտացած է էպիլեպսիայի ախտորոշման և բուժման ոլորտում։

Պրոֆեսոր Հերլոպյանը նյարդաբան Սոֆիյա Խաչատուրյանի և հիվանդանոցի մուլտիդիսցիպլինար թիմի հետ մասնակցել է բարդ կլինիկական դեպքերի քննարկմանը։

Քննարկումները ևս մեկ անգամ ընդգծել են էպիլեպսիան սրտային սինկոպեներից, վազովագալ դրվագներից, շարժողական միոկլոնիկ խանգարումներից, ինչպես նաև մետաբոլիկ և թունավոր էնցեֆալոպաթիաների ժամանակ առաջացող ցնցումային դրսևորումներից տարբերակելու կարևորությունը, հատկապես ծանր վիճակում գտնվող և կոմատոզ հիվանդների մոտ։

Կլինիկական քննարկումներին հաջորդել է պրոֆեսոր Հերլոպյանի դասախոսությունը, որի ընթացքում ներկայացվել են էպիլեպսիայի առանցքային հարցերը նյարդաբանության, կարդիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի խաչմերուկում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նոպաների ժամանակ առաջացող սրտային խանգարումների ռիսկին, իկտալ և ինտերիկտալ ռիթմի փոփոխություններին, ինչպես նաև EEG–ECG համաժամանակյա գնահատման նշանակությանը։

Անդրադարձ է կատարվել նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գտնվող պացիենտների մոտ նոպաների կառավարման խնդիրներին, էնցեֆալոպաթիայի պայմաններում ոչ կոնվուլսիվ ստատուս էպիլեպսիայի և շարունակական EEG մոնիթորինգի կարևորությանը՝ գիտակցության խանգարմամբ և անհասկանալի սրտային անկայունությամբ հիվանդների մոտ։

Այս այցը ևս մեկ անգամ ընդգծել է մասնագետների համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։

Ի դեպ, պրոֆեսոր Ալին Հերլոպյանի հետ հարցազրույց ենք ունեցել, որը ներկայացնում ենք ստորև․

– Փետրվարի 9-ը Էպիլեպսիայի միջազգային օրն է։ Ի՞նչն է ամենակարևորը, որ հասարակությունը պետք է իմանա այս հիվանդության մասին։

– Հասարակությունը շատ բան պետք է իմանա։ Ամենակարևորը՝ գիտությունն այսօր շատ զարգացած է․ կան նոր դեղեր, ախտորոշման նոր մեթոդներ, նոր գիտական մոտեցումներ, և մենք գնալով ավելի լավ ենք հասկանում, թե ինչու է առաջանում էպիլեպսիան։ Միաժամանակ շատ կարևոր է գիտակցել, որ էպիլեպսիան վարակիչ հիվանդություն չէ և այն մարդուն չի դարձնում պակաս քաղաքացի։ Սա ուղեղի հիվանդություն է՝ ինչպես սրտի կամ շաքարախտը, պարզապես մարդիկ հաճախ վախենում են հենց ուղեղի հիվանդություններից, և այդ վախն էլ փոխանցվում է էպիլեպսիային։

– Ինչո՞ւ է այսօր էպիլեպսիան մնում սխալ ընկալված հիվանդություններից մեկը, նույնիսկ բժշկության զարգացման այս մակարդակում։

– Հին ժամանակներում կարծում էին, որ պետք է բացել ուղեղը, որպեսզի էպիլեպսիայի «չար ոգին» դուրս գա։ Այդ պատկերացումները դեռ պահպանվում են մարդկանց մտածողության մեջ։ Չնայած գիտության զարգացմանը՝ միֆերը շարունակում են ապրել, որովհետև այսօր յուրաքանչյուր մարդ կարծիք է հայտնում էպիլեպսիայի մասին։ Պացիենտը հաճախ նոպայի ժամանակ ոչինչ չի զգում, իսկ վախը հիմնականում ապրում են հարազատներն ու շրջապատը։ Նոպան, թեկուզ կարճատև, անորոշ իրավիճակում մեծ վախ է առաջացնում։

– Ո՞րն է ամենատարածված միֆը, որ Դուք լսում եք էպիլեպսիայի մասին և կուզեիք մեկընդմիշտ հերքել։

– Հայաստանում ամենատարածված միֆերից մեկն այն է, որ էպիլեպսիայով կինը չի կարող երեխա ունենալ, կամ պետք չէ ասել, որ նա էպիլեպսիա ունի, որովհետև «ամոթ է»։ Մենք՝ որպես մասնագետներ, շատ ենք տեսնում, որ նման կանայք ունենում են լիովին առողջ երեխաներ և կարողանում են նույնիսկ կրծքով կերակրել։ Երկրորդ միֆն այն է, որ էպիլեպսիայով մարդը չի կարող աշխատել կամ լիարժեք գործունեություն ծավալել, կարծես նա պակաս խելացի կամ պակաս գործունակ լինի։ Այս միֆերը պետք է հաղթահարել, որովհետև դրանք վտանգավոր են հասարակության համար։

– Ճի՞շտ է, որ էպիլեպսիան միշտ նշանակում է ցնցումներով նոպաներ, թե՞ իրականությունը շատ ավելի բազմազան է։

– Իրականությունը շատ ավելի բազմազան է։ Կան հազարավոր դրսևորումներ․ հիվանդը կարող է տեսնել գույներ, թարթել աչքերը, ծռել դեմքը, շարժել ձեռքը, զգալ կրծքավանդակի ցավ, կորցնել խոսելու ունակությունը։ Էպիլեպսիայի դրսևորումները շատ տարբեր են։

– Էպիլեպսիայով մարդը կարո՞ղ է ունենալ լիարժեք կյանք՝ սովորել, աշխատել, ընտանիք կազմել։

– Այո։ Կան որոշ դեպքեր, երբ անձը ի ծնե ունի մտավոր հետամնացություն կամ զարգացման հապաղում, և նույն գործոնն է առաջացրել նաև էպիլեպսիան։ Այդ պատճառով որոշ մարդիկ չեն կարող նույն ձևով սոցիալիզացվել։ Բայց դա վերաբերում է ոչ բոլոր պացիենտներին։ Ես ունեմ հիվանդներ, ովքեր բժիշկներ են, փաստաբաններ, ընկերությունների ղեկավարներ։

– Որքանո՞վ են ժամանակակից տեխնոլոգիաները փոխել էպիլեպսիայի ախտորոշման ճշգրտությունը վերջին տարիներին։

– Շատ են փոխել։ Այսօր արհեստական բանականության միջոցով կարողանում ենք տեսնել, թե ուղեղի տարբեր հատվածներն ինչպես են փոխկապակցված և ինչպես են առաջանում նոպաները, ինչպես է մի հատվածը ազդում մյուսի վրա և ինչպես են նոպաները տարածվում։

– Ո՞ր պահին պետք է պացիենտը կամ ընտանիքը պարտադիր դիմի նյարդաբանի։

– Առաջին իսկ նշաններից հետո։ Սակայն ես խորհուրդ կտամ նախ դիմել ընտանեկան բժշկին, ով անհրաժեշտության դեպքում կուղղորդի նյարդաբանի մոտ։ Ամեն նշան նոպա չէ․ օրինակ՝ երեխան կարող է դասարանում թվալ, թե «երազում է», և դա կարող է լինել աբսանս նոպա, որը հատուկ տեսակ է։

– Բուժման ի՞նչ նոր մոտեցումներ կան այսօր, որոնց մասին հասարակությունը դեռ քիչ գիտի։

– Այսօր բուժման բազմաթիվ տարբերակներ կան։ Եթե նախկինում հիմնականում խոսում էինք վիրահատության մասին՝ ուղեղի հատվածի հեռացումով, ապա այժմ ունենք սարքեր, որոնք տեղադրվում են ուղեղում կամ դրա շուրջ՝ նոպաները վերահսկելու համար, լազերային աբլացիա, Focused Ultrasound Therapy և այլ մեթոդներ, որոնք կլինիկական հետազոտություններում շատ լավ արդյունքներ են ցույց տվել։

– Ձեր փորձով՝ ի՞նչն է հատկապես կարևոր Հայաստանում էպիլեպսիայի բուժման համակարգի զարգացման համար։

– 2023 թվականից աշխատում եմ Հայաստանում այս ոլորտում և տեսնում եմ, որ նյարդաբանների գիտակցությունը բարձրացել է, EEG հնարավորություններն ընդլայնվել են։ Սա առաջին քայլն է․ նյարդաբանը պետք է ոչ միայն գիտելիք ունենա, այլ նաև փոխանցի այն հիվանդին։ Երկրորդ կարևոր հարցը ստիգմայի վերացումն է։ Երրորդը՝ դեղերի զարգացումն է, որի շնորհիվ նոպաների վերահսկումն ավելի արդյունավետ է դարձել, և հիվանդներն ավելի ազատ են խոսում իրենց խնդրի մասին։

– Որպես բժիշկ՝ ի՞նչն է Ձեզ ամենաշատը հուզում էպիլեպսիայով պացիենտների հետ աշխատանքի ընթացքում։

– Մենք հաճախ կենտրոնանում ենք պացիենտի վրա, բայց ամենածանր բեռը հաճախ կրում է ընտանիքը։ Շատ կարևոր է աջակցել ընտանիքին, հարցնել՝ դուք ինչպես եք, և նրանց նույնպես հոգեբանական աջակցություն ցուցաբերել։

– Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր վերջերս են ստացել «էպիլեպսիա» ախտորոշումը և վախեցած են ապագայից։

– Կուզեմ ասել, որ այսօր կան բազմաթիվ բուժման մեթոդներ, դեղեր և վիրաբուժական մոտեցումներ։ Վախի մեծ մասը գալիս է գիտելիքի պակասից։ Երբ նյարդաբանը հստակ ու բաց խոսում է հիվանդի և ընտանիքի հետ, վախն զգալիորեն նվազում է։

– Եթե մեկ ուղերձ պետք է փոխանցեք թե՛ պացիենտներին, թե՛ հասարակությանը Էպիլեպսիայի միջազգային օրվա առիթով, ո՞րն կլինի այն։

– Վստահեք գիտությանը։ Գիտությունը շարունակ զարգանում է։ Վստահեք նյարդաբաններին, և այդ ճանապարհը կարող է ձեզ հասցնել շատ ավելի լավ կետի։

×
facebook sharing button facebook